Հայաստանում գործարարներից շատերն առաջնորդվում են «թալանչու» սկզբունքով: Առևտուր անելը մի բան է, սեփական ժողովրդից խաբեությամբ դրամ կորզելը` լրիվ այլ բան: Ասվածի լավագույն օրինակը հսկայական սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանն է, որի առևտրային «արհեստը» ոչ մի կանոնի չի ենթարկվում: Հերիք չէ, որ գրեթե ամեն համայնքում սեփական սուպերմարկետն ունի, ինչի պատճառով շատ փոքր ու միջին բիզնեսմեններ «կուլ» գնացին, հիմա էլ ամեն ինչ անում է, որ խաբեությամբ մարդկանցից դրամ շորթի:
Վերջին շրջանում քաղաքացիներն ավելի հաճախ են բողոքում, որ «Երևան սիթի» սուպերմարկետներում գնապիտակների հետ կապված խնդիրներ կան: Այսինքն, ապրանքի վրա գրված գինը դրամարկղի մոտ փոխվում է, գնորդն էլ ավելի շատ է վճարում, քան նախատեսված է: Իհարկե, մեծ գնումներ անելիս այս տարբերությունն այնքան էլ չի նկատվում, բայց երբ մի քանի ապրանք ես գնում, միանգամից պարզ է դառնում, որ պիտակում նշված գինը, քո հաշվարկներն ու դրամարկղում քեզ հրամցրածը տարբեր են: Անշուշտ, «հնարամիտ» օլիգարխը շատ ցցուն «գնափոխություն» չի իրականացնում, բայց, միևնույն է, մեծ գնումների ժամանակ դա որոշակի գումար է կազմում: Օրինակ, եթե տասը հազար դրամի առևտուր ես անում, վճարում ես տասնմեկ հազարից մի քիչ ավելի կամ պակաս:
Ցավն էլ այն է, որ առևտրի այս «գիգանտը» դեռ պետք է օրենք գրի ու հանրության շահերը ներկայացնի ԱԺ-ում:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ